Հանրային տարածքներից ու կենսաբազմազանությունից՝ դեպի կրթական սեղանի խաղ
Հանրային տարածքներից ու կենսաբազմազանությունից՝ դեպի կրթական սեղանի խաղ
Սեպտեմբերի 25–28-ը Վանաձորում կայացավ «ԷԿՈ Խմբակ» Երիտասարդական-Բնապահպանական ՀԿ-ի և «ԷԿՈ Հաբ» հիմնադրամի համատեղ նախաձեռնության առաջին փուլը՝ միավորելով «Youth Placemaking Beyond Borders» և «Youths4CoP17» ծրագրերը։
Քառօրյա ծրագրի ուշադրության կենտրոնում էին հանրային տարածքների մասնակցային ձևավորումն ու կառավարումը, քաղաքային կենսաբազմազանությունը և երիտասարդների դերը ավելի կանաչ ու ներառական համայնքների ստեղծման գործում։ Քննարկումների, թիմային աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության մեթոդների միջոցով մասնակիցներն անդրադարձան իրենց համայնքների բնապահպանական խնդիրներին և հանրային տարածքների բարելավման հնարավորություններին։
Նախաձեռնությունը համադրում է երկու ծրագրերի թեմաները՝ ընդգծելով շրջակա միջավայրի պահպանության, համայնքային կյանքի և երիտասարդների մասնակցության փոխկապակցվածությունը։ Այն հնարավորություն է տալիս երիտասարդներին ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերել, այլև ձևակերպել սեփական գաղափարներն ու միասին մտածել տեղական խնդիրների լուծումների մասին։
Առաջին փուլի շարունակությունը կրթական սեղանի խաղի մշակումն է։ Քարտեզի և հարցաքարտերի միջոցով խաղը կմիավորի կենսաբազմազանության, բնապահպանական խնդիրների և հանրային տարածքների բարելավման թեմաները։ Մասնակիցները հնարավորություն կունենան խաղալով սովորելու, քննարկելու համայնքային մարտահրավերներն ու բացահայտելու դրանց լուծման տարբերակները։
Մեր նպատակն է ստեղծել կրթական գործիք, որը կօգնի երիտասարդներին ավելի լավ ճանաչել շրջակա միջավայրը, զարգացնել համագործակցության հմտությունները և տեսնել համայնքում դրական փոփոխություններ բերելու սեփական հնարավորությունները։ Մշակված խաղը կկիրառվի նաև հետագա կրթական ու երիտասարդական ծրագրերում։
«Youth Placemaking Beyond Borders» ծրագիրն իրականացվում է «ԷԿՈ Հաբ» հիմնադրամի կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են բացառապես հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ Կրթության և մշակույթի եվրոպական գործադիր գործակալության (EACEA) դիրքորոշումները։ Դրանց համար պատասխանատվություն չեն կրում ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ դրամաշնորհ տրամադրող մարմինը։
«Youths4CoP17» նախաձեռնությունն իրականացվում է «ԷԿՈ Խմբակ» Երիտասարդական-Բնապահպանական ՀԿ-ի կողմից՝ «Երիտասարդները՝ որպես կլիմայական մարտահրավերների հաղթահարման առաջնորդներ» ծրագրի շրջանակում տրամադրված դրամաշնորհի միջոցով։ Ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
ՏԵՍԱԴԱՐԱՆ